Ո՛չ մենք, ո՛չ էլ մեր քաղաքական գործիչները այդպես էլ չազատվեցինք կրավորական, մեր ազգային հարցերի լուծմանը չնպաստող, անիմաստ ու պարտադրված քաղաքականությունից։ Բոլորը քննադատում են բոլորին, բոլորը պահանջում են բոլորից, սակայն չեղավ մի գործիչ, որ անկեղծ լիներ ժողովրդի հետ ու դիմեր նրան՝ ասելով․«Ես չկարողացա իմ հնարավորությունները ճիշտ օգտագործել և ձեր օգնության կարիքն ունեմ»։ Կամ. «Ես ինձ համար ամրոց ու տներ կառուցեցի ձեր հաշվին, իսկ դուք այդ ժամանակ դարձաք անտուն»։
Մենք չկարողացանք ստեղծել այն ժողովրդավարական համակարգը, որի դեպքում քաղաքացիական հանրությունը պահանջատեր է, իսկ նրա ձայնը՝ լսելի։ Մի՞թե մեր իշխանավորը՝ նախարար թե պատգամավոր, հաշվետու է ժողովրդին, և արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ազդել մեր երկրի հարստության բաշխման ընթացքի վրա։ Մեզանում բացակայում են քննարկումները ժողովրդավարական ու ազգային համակարգերի ներդաշնակման, դրանց համապատասխան արժեհամակարգային առանցքի ձևավորման վերաբերյալ։ Փոխարենը՝ շարունակ հովանավորներ ենք փնտրում հյուսիսից հարավ կամ արևմուտքից արևելք։ Մինչդեռ մեզ հարկավոր է համահայկական պետություն, որը ունակ կլինի հաշվարկելու մեր նյութական, մտավոր և հոգևոր տիրույթների հիմնարար կարողությունները և արդյունավետ կառավարելու այդ ամենը՝ ի նպաստ համահայկական ազգային շահերի։ Մնացյալ ամեն ինչ ուժերի և կարողությունների վատնում է։ Հավատացեք՝ այդժամ մեր հայրենիքի բազմաշերտ սահմաններրը վտանգված չէին լինի։
Հայրենիքի նյութական սահմանները պատմականորեն ձևավորված և տվյալ ժամանակաշրջանում արձանագրված սահմաններն են, որոնք կարող են փոփոխվել դարերի ընթացքում։ Դա, իհարկե, ցանկալի չէ և վտանգավոր է։ Հայրենիքի մտավոր սահմանները պարփակվում են մշակութային բազմաբնույթ արժեքները պահպանող ու հարստացնող մեր բնօրրանի վերացական տարածքում։ Մտավոր սահմաններն ավելի հազվադեպ են փոխվում, սակայն այս փոփոխությունը շատ ավելի վտանգավոր է։ Հայրենիքի հոգևոր կամ տիեզերական սահմանները գրեթե չեն փոխվում, սակայն նրանց աննշան փոփոխությունն անգամ խիստ վտանգավոր է, քանզի այն անմիջապես հարվածում է մեր ինքնության հիմքերին և հանդիսանում է այդ հիմքերի ցուցիչը։
Հենց այս սահմանների իմացության և գիտակցման շնորհիվ է հայրենիքի ամեն մի քար դառնում սրբազան ու հանդիսանում մեր գոյության մշակութային վկան։ Ահա թե ինչու է բարբարոսը քանդում, ոչնչացնում մեր հազարամյակների գոյությունը վկայող այդ վավերագրերը կամ փորձում է կեղծիքներով տիրանալ դրանց։ Եվ ցավալի ու անհասկանալի է համաշխարհային հանրության և մշակութային արժեքների պահպանությանը կոչված միջազգային կառույցների անտարբերությունն ու լռությունը։ Սակայն, թույլ տվեք արձանագրել, որ այս ամենը տեղի է ունենում, քանի որ մենք չունենք հոգևոր սահմանի մասին հանրային գիտակցված ընկալում, որը, միացնելով ու ներդաշնակեցնելով մյուս՝ նյութական ու մտավոր սահմանները, ստեղծում է հայոց ազգային հայրենիքի ամբողջական պատկերը։ Եվ քանի դեռ քարը կամ հողակտորը մեզ համար սակարկելի են, երբեմն՝ անպիտան ու դժգույն, քանի դեռ մենք չենք գիտակցել այդ սահմանների փոխկապվածությունը և դրանց պահպանումը չենք դարձրել ազգային նվիրական պարտականություն, մեր կյանքում ոչինչ չի փոխվի։
...Քանի դեռ միասնական չենք ազգային ինքնիշխան ու անկախ պետություն ունենալու հարցում, միշտ էլ կլինեն ծրագրված կանխատեսողներ, ուղղորդողներ, ձայներ կեղծողներ, իսկ կեղծիքների արձանագրումից հետո՝ «դուդուկ փչելով» դրանք հաստատողներ։ Այս վիճակից ելք գտնելու համար մի աչքը քիչ է, երկուսը բավարար չէ, իսկ երեքը, տարբեր կողմերից դիտելու և համագործակցային ներդաշնակություն ապահովելու նպատակով, պարզապես չկա։
Երբեմն արժե հիշել Հայկի հաղթանակը եռաթև նետով, որը խորհրդանշում է նյութական, մտավոր և հոգևոր միասնության հիմնարար հաղթանակը։ Այսօրվա աշխարհի թոհ ու բոհի մեջ, որպես Հայկի արժանի սերունդ, կրկին միասնականորեն հաստատենք այդ մեծ ու արդար հաղթանակը։ Մնացյալը խաբկանք է։
Վանո Դադոյան